21 05 2021

Իոաննիսյանի այցելությունը ՀՀ Զինված ուժերի դիրքեր ունի այլ` քողարկվող նպատակներ. «ՎԵՏՕ»

Իոաննիսյանի այցելությունը ՀՀ Զինված ուժերի դիրքեր ունի այլ` քողարկվող նպատակներ. «ՎԵՏՕ»

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և հանցագործության մասին հաղորդում  է ներկայացրել Դանիել Իոաննիսյանի՝ Վերին Շորժայի մարտական դիրքեր այցելելու տեղեկության մասին։

 

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Սույն թվականի մայիսի 18-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հանրությանը որպես «Սորոսի հիմնադրամի» կարկառուն շահառու հայտնի Դանիել Իոաննիսյանը տեղադրել է հետևյալ բովանդակությամբ գրառում.

 

«Վերադառնում եմ Վերին Շորժայի մարտական դիրքերից։ Հայաստանի Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և էական առավելություն ունեն ՀՀ տարածք մտած ադրբեջանական ստորաբաժանումների նկատմամբ:

Այցի հիմնական նպատակը դիրքերում զինվորներին բարոյապես աջակցելն ու կյանքը մի քիչ քաղցրացնող սնունդն տանելն էր:

Հորդորում եմ բոլորիդ վերականգնել այն աջակցությունը, որն ունեին մեր զորքերը պատերազմի ժամանակ:

Առաջնագծում կանգնած զինվորը պետք է իմանա, որ մենք իրեն սիրում ենք, որ մենք իր մասին հոգում ենք ու որ թիկունքը ամուր ենք պահում: Հենց այդ զինվորն է այժմ ապահովում մեր անվտանգությունը և ոչ ՀԱՊԿ-երը:

Հ.Գ. Ով այնտեղ հարազատ զինվոր ունի, թող իմանա, որ զորքի տրամադրությունը բարձր է»:

Այս գրառումից ուղղակի հետևում է կամ հիմնավոր կերպով ենթադրվում է, որ՝

• նա եղել է մարտական դիրքերում և հստակ ծանոթ է դրանց գտնվելու վայրին,

• մարտական դիրքեր մուտք է գործել դրա իրավունքը ակնհայտ չունեցող անձ,

• նա քաջածանոթ է մեր զորքերի սպառազինությանը, հնարավոր է՝ տեղեկացված է զինտեխնիկայի և ծանր սպառազինության ու դրանց տեղակայման մասին,

• նա կարող է ծանոթ լինել զորքերի թվաքանակին,

• նա գտնվել է այն վայրերում, որտեղ թշնամին մուտք է գործել ՀՀ սուվերեն տարածք,

• տիրապետում է ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների:

Դանիել Իոաննիսյանը, հանդիսանալով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կամ «Սորոսի հիմնադրամի» շահառու, գործում է ի շահ այդ կազմակերպության և դրա նպատակների համար՝ վարձատրության դիմաց: Դանիել Իոաննիսյանը չի հանդիսանում ինքնուրույն, իր հաշվին և ազգային նպատակներով գործող անձ, հետևաբար, նրա այցելությունը ՀՀ Զինված ուժերի դիրքեր ունի այլ` քողարկվող նպատակներ: Ակնհայտ է, որ թե այցելությունը, թե «զինվորի կյանքը քաղցրացնելու» գործողությունները կատարվել են «Սորոսի հիմնադրամի» հաշվին և դրա ծրագրերի համար, ուստի ունեն լրիվ այլ նպատակներ, քան հայ զինվորի կյանքն իրականում «քաղցրացնելը»:

Արցախյան վերջին աղետալի պատերազմի ընթացքում Դանիել Իոաննիսյանը, չհանդիսանալով զինծառայող, կամավոր կամ ռազմաճակատին որևէ կերպ պիտանի անձ, կրկին «Սորոսի հիմնադրամի» հաշվին, անընդհատ շրջել է Արցախում՝ մեր զորքերի դիրքերի մոտ, առանց որևէ տրամաբանական և ընկալելի նպատակի:

Հայտնի է նաև, որ Դանիել Իոաննիսյանի հարազատ քույրն այդ պատերազմի ընթացքում ունեցել է խնդիրներ՝ կապված Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից նրան լրտեսության մեջ կասկածելու հետ: Ի դեպ, այդ պատմության իրական ավարտի և դրա իրական պատճառների մասին լայն հանրությանը տեղեկատվություն չի տրամադրվել:

Դանիել Իոաննիսյանը հանդիսանում է այնպիսի կազմակերպության շահառու, որի գործունեության մեջ շատ հաճախ տեղ են գտնում հակազգային, հակապետական գործունեության տարրերը, սուտ տեղեկատվության տարածումը, ազգակործան «արժեքների» քարոզը:

Հայտնի է, որ հիմնադրամի ստեղծող, հայտնի կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսը հանդիսանում է Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի մտերիմ ընկերը, ինչպես նաև՝ Ադրբեջանի բարեկամը:

Նման պայմաններում ունենք իրավունք՝ հիմնավոր կերպով կասկածելու, որ, մասնավորապես, 18.05.2021թ. Դանիել Իոաննիսյանը գտնվել է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածք ներթափանցման վայրերում՝ ՀՀ Զինված ուժերի դիրքերում, իրականում լրտեսության նպատակով, իսկ, քանի որ նա ՀՀ քաղաքացի է, ուրեմն՝ պետական դավաճանության համար: Նա ազատ է եղել՝ հավաքելու ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ և որևէ կերպ բացառված չէ, որ այդ տեղեկատվությունը փոխանցվել է թշնամուն:

Վերոգրյալի հիման վրա պահանջում ենք՝ Դանիել Իոաննիսյանի կողմից ՀՀ Զինված ուժերի դիրքեր այցելելու և ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հավաքագրելու/տիրանալու փաստի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի հատկանիշներով (պետական դավաճանություն) և պատասխանատվության կանչել մեղավոր անձանց»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ